12.02.2018թ.-16.02.2018թ.

12.02.2018թ.-16.02.2018թ.

Բարեկենդանի տոնի մասին    

Բարեկենդան   մուլտֆիլմի դիտում

Բուն բարեկենդանի խաղեր Մարինե Մկրտչյան   բուն բարեկենդանի  խաղեր

Յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՝  Շնասերների  ակումբ

 

 

 

Advertisements
Բարեկենդանի խաղերից

Բարեկենդանի խաղերից

Հավալա
Այս խաղին կարող են մասնակցել 8-ից 10 հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան «այծ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու հոգու վրայով: Հաղթում է նա, ում հաջողվում է ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը:

Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):

Կատակով խաղում էին գոմշակռիվ, աքլորակռիվ՝ նմանակելով իսկական գոմշակռիվներին ու աքլորակռիվներին: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն–յուղեղեն–կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլ հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանվորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին կամ Ակլատիզը (Ախելուծ, Ախալոճ, Ախըլոջ, Ախացել, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպապ, Պապի պուլուլ, Որոջբեկ, Ֆռիկ): Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.
— Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:

Կարնո հայերի մոտ այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.
— Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս:
Յոթ փետուրները, որ Մեծ պասի յոթ շաբաթներին էր համապատասխանում, յուրատեսակ օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում մեկ փետուրը հանվում էր: Շատերն ամեն շաբաթվա փետուրը հանելն ուղեկցում էին բնորոշ երգերով: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը: