Խելոքն ու հիմարը

Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.

— Հե՜յ… հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞…

Ավերակը ձայն է տալիս.

— Հա՜…

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս…

— Քա՞նի մանեթ կտաս։

— Տա՜ս…

— Հիմի կտա՞ս, թե չէ։

— Չէ՜…

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։

— Արի՜…

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։

— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։

— Հա՜…

— Չաղ է՞ր, թե չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…

— Սկի՜ …

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։

— Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։

— Ավերակի։

— Հետո, փող տվա՞վ։

— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…

— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։

Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Ճամփորդները

Ճամփորդները

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։

— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։

— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։

— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։

— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։

— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։

— Ո՞րտեղ է ընկերդ։

— Էն թփի տակին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Ծիտը

Ծիտը

Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է.

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։

Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։

Ասում են.

— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է թռչում։

Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է.

— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղը ասում է.

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Սուտասանը

Սուտասանը

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Անբան Հուռին

Անբան Հուռին

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Ոսկու կարասը

Ոսկու կարասը

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հեյ, աչքդ լուս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.

— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ… Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՛, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերը,— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի…

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է.— երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։

Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցեք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհարկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ, վարողինն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։

Անհաղթ աքլորը

Անհաղթ աքլորը

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-6

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։

Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ…

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ… Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

— Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։

Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…

— Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

— Ծուղրուղո՜ւ…